Մենք ասես կրակն ենք ընկել մեր երկրի, ավելի ճիշտ՝ պետություն ունենալու և նրա անկախությունը պահելու ձեռքը․․․ Երեսունհինգ տարի է՝ չենք կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ մեր պետությունը մե՛նք՝ հայերս պիտի կայացնենք ու հզորացնենք:
Մեկ այլ առիթով էլ եմ ասել, որ պետականությունը կորցնելու և առհասարակ քաղաքականության մեջ անհաջողություններ ունենալու պատճառը ամեն հայի՝ սեփական մտածելու և վերլուծելու կարողությունն է։ Թեև վերջին տարիներին ինչ-որ բան է կատարվում մեր ժողովրդի հետ. մի զգալի հատված կորցրել է ասես դատելու և վերլուծելու ունակությունը։
Գուցե շատերը զարմանան, բայց մեզնից յուրաքանչյուրը համոզված է, որ ինքն ավելի լավ թագավոր, նախագահ ու նախարար կլինի, քան այդ պաշտոնում եղողներն են։ Իհարկե, եղել է նաև այնպես, որ գործող ղեկավարն իսկապես ապիկար է եղել:
Մեզ դժվար է ոտքի հանել և համընդհանուր խնդրի շուրջ միակամ դարձնել, որովհետև մեզնից յուրաքանչյուրն իր հաստատուն կարծիքն ունի: Մենք «հոտի» ժողովուրդ չենք. մեզնից ամեն մեկը «հովիվ» է։ Դա լավ է միայն արվեստի ու գիտության աշխարհում, որտեղ կարևոր է անհատականությունը: Այդ ասպարեզներում մենք անմրցակից ենք, բայց պետականաշինության մեջ դա խանգարող գործոն է։ Մինչդեռ, լավ իմանալով մեր ազգային առանձնահատկությունները, պետք է մանկությունից երեխաների մեջ պատվաստենք համայնքային մտածողություն:
Մեր որոշ քաղաքական գործիչներ և մեկնաբաններ, վերլուծություններ անելիս, քաղաքականից զատ անում են նաև հոգեբանական ներգործություն ունեցող անպատասխանատու հայտարարություններ: Չեմ նշի անուններ, բայց նրանք հաստատ կհիշեն իրենց խոսքերը՝ «Արցախի բնակիչները կհեռանան, եթե...», կամ՝ «Արցախին սպասում է նախիջևանացում» և այլ մռայլ կանխագուշակումներ, որոնք, ցավոք, դարձան իրականություն: Հարց է առաջանում՝ նրանք քաղաքագիտական կանխորոշո՞ւմ էին անում, թե՞ տեղեկացված էին և ժողովրդին հոգեբանորեն նախապատրաստում էին։ Մինչդեռ նրանք պետք է ոչ թե հանրային կանխագուշակումներ անեին, այլ աշխարհաքաղաքական վերլուծությունները ներկայացնեին երկրի պատասխանատուներին: Քաղաքագետի վերլուծությունը պետք է լինի ուղղորդող ու սթափեցնող, բայց ոչ տագնապի ու հուսահատության մղող:
Տարիներ առաջ առաջարկել եմ ստեղծել հայ քաղաքագետների անկախ միություն, որը կգործի որպես վերլուծական կենտրոն՝ մշակելով ՀՀ ռազմաքաղաքական հայեցակարգը: Այդ կենտրոնը պետք է սեղանին դներ քաղաքական ճգնաժամից դուրս գալու «ճանապարհային քարտեզը»:
Մեզնից շատերը քննադատում են Նիկոլ Փաշինյանին իր թույլ քաղաքականության համար: Բայց հետո հասկացանք, որ նա ոչ միայն փորձ ու կարողություն չունի, այլև չունի կամք և ցանկություն: Այս պարագայում պետք էր միավորվել անբասիր կենսագրություն ունեցող մարդկանց հետ և ձևավորել քաղաքական պարտադրող ՈՒԺ, որին կվստահի ժողովուրդը: Այն ժողովուրդը, որի մի դյուրահավատ զանգվածը միամտություն ունեցավ հավատալու Փաշինյանի հռետորաբանությանը, այլ ոչ թե նրա թիմակիցներին, որոնք պարզապես կամազուրկ պալատականներ են: Վարչապետը, հավանաբար, եղել է հզոր ճնշումների տակ, ինչին նպաստել է նրա քաղաքական անհասությունը կամ այլ երկրների ծրագրեր իրականացնելը: Դրանում իրենց «ներդրումն» ունեն նաև նախորդ երեք նախագահները: Բայց այսօր երկիրը քաղաքական ու ռազմական անելանելի վիճակում է, և Փաշինյանի սխալներն ակնհայտ են:
Մենք բոլորս պատասխանատու ենք մեր Հայրենիքի համար: Աստված մի՛ արասցե, ի՞նչ պիտի անենք մենք, որ այսքան տարի խելոք-խելոք խոսում ենք, բայց ոչինչ չենք նախաձեռնում վիճակը կասեցնելու համար:
Փաշինյանի՝ ոչ մեկի հետ չխորհրդակցելու պահվածքը կարելի է բնորոշել նաև որպես հոգեբանական ընկճվածություն. նա հավանաբար գիտակցել է իր անկարողությունը և միայնակ է գնում «կառավարելու», որպեսզի ոչ ոք չիմանա, որ գործից գլուխ չի հանում: Սակայն կան նաև բացահայտ ոչ հայաստանանպաստ գործողություններ, որոնք հաստատում են, որ նա թշնամու ծրագիրն է իրագործում։
Նենսի Փելոսիի այցը Երևան և ժողովրդավարության բարձր գնահատականը Հայաստանին օժանդակելու պատուհան էր բացում: Բայց մեր կառավարությունը, փոխանակ ծանր ու թեթև անելու, ստորագրեց անբարենպաստ գործարքներ, մինչդեռ պետք է պահանջեր.
1. Որ Ադրբեջանը հեռացնի զորքը Հայաստանի ինքնիշխան տարածքից և Արցախից, իսկ արցախցիները վերադառնան հայրենիք՝ ինքնորոշման իրավունքով:
2. Որ Թուրքիայի ռազմաքաղաքական ներկայացուցիչները հեռանան Կովկասից:
3. Թույլ չտալ, որ Սյունիքի հաղորդակցության ուղին վերածվի ՄԻՋԱՆՑՔԻ. այն պետք է մնա ՀՀ հսկողության տակ:
Հայաստանի ու հայ ժողովրդի փրկությունը Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռն է, որից սարսափում են Թուրքիան ու Ադրբեջանը: Այդ վճիռը պարտադիր և անժամանցելի ուժ ունեցող փաստաթուղթ է, որը վավերացնում էր Հայաստան-Թուրքիա սահմանազատումը: Հենց սա էր Նենսի Փելոսիի այցի գլխավոր պատճառը և նրա հարցը՝ «Ինչի՞ կարիք ունեք»։ Բայց պարզվեց՝ մենք «ոչ մի բանի կարիք չունենք»․․․
Արգո՛ քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ, թողե՛ք անձնական հավակնությունները, միաբանվե՛ք մեկ ընդհանուր Գաղափար-Ծրագրի շուրջ և պարտադրե՛ք կառավարությանը հաշվի նստել ձեր հավաքական կարծիքի հետ: Ոչ ոք իրավունք չունի պետական կարևորության փաստաթուղթ ստորագրելու ինքնակամ՝ առանց մասնագիտական վերլուծությունները հաշվի առնելու:
Հայաստանի փրկությունը Վիլսոնյան Իրավարար վճիռն է: Այն հենց այն «ԱԹՍ-ն» է, որը կախված է թշնամիների գլխավերևում:
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Գրող, հրապարակախոս
16.04.2026 թ.
Հ․Գ.
Այս լարված մթնոլորտում նախկին նախագահները, եթե իսկապես ուզում են երկիրը դուրս բերել ճգնաժամից, թող ազնվորեն դուրս գան քաղաքական դաշտից, որպեսզի միամիտ ընտրողները Փաշինյանին չընկալեն որպես նրանց հակակշիռ:
Փաշինյանի վերընտրվելը ձեռնտու է միայն նրանց, ովքեր վախենում են նախկինում արված չարաշահումների համար պատասխանատվությունից: